Expert: “When civil society starts expressing qualified opinion, the authorities will be more easily engaged in dialogue”


Փորձագետ. «Երբ քաղհասարակությունը սկսի որակյալ կարծիք հայտնել, պետական մարմիններն ավելի հեշտ կմտնեն երկխոսության մեջ»

«Գնահատելով ներկա իրավիճակը՝ բացահայտվել է հանրային մասնակցության ոչ բավարար արդյունավետություն: Պետական կառավարման մարմինները սա պայմանավորում են նրանով, որ քաղաքացիական հասարակությունը ակտիվ չէ: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ խնդիրը տեղեկատվության անմատչելիության, ինչպես նաև մասնագիտական կարողությունների սահմանափակումների մեջ է»,-այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը՝ ամփոփելով «Հանրային ցանց»-ի նախաձեռնած «Օրինաստեղծ գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության առկա համակարգի բարելավման հեռանկարները» թեմայով հանրային քննարկման արդյունքները:

Այս թեմայով քննարկումներ են եղել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, ՀՀ կառավարության, նախարարությունների պաշտոնյաների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Թամարա Աբրահամյանը նշեց, որ հանրային մասնակցության խոչընդոտներից է տեղեկատվության պակասը, հետադարձ կապի բացակայությունը:

«Ավենյու Քոնսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր, անկախ փորձագետ Տիգրան Գրիգորյանը նշեց. «Քաղաքացիական հասարակությունն այսօր դեռ ի վիճակի չէ բարձր որակի կարգավորման գնահատում անել: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիմնականում փոքր, կետային հարցեր են բարձրացնում բարձրագույն կառավարման օղակներում: Սա էլ է խնդիր: Երբ քաղհասարակությունը սկսի որակյալ կարծիք հայտնել, մեր պետական մարմիններն ավելի հեշտ կմտնեն երկխոսության մեջ»:

Թամարա Աբրահամյանը ցավով նշեց. «Սոցիալական և կրթության օրենքների վերաբերյալ գոնե հանրային ցանցից գնացել են առաջարկներ, բայց ոչ մի արձագանք: Սա բացասական ազդեցություն է ունենում քաղաքացիական հասարակության վարկանիշի վրա»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս են գնահատում ակտիվիստների վերջին շրջանի գործողություններն ու նրանց դեմ բռնությունները, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. «Մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, ի վերջո կա խոսքի ազատություն: Դրան նորմալ եմ վերաբերում և չեմ ընդունում բռնությունները: Սակայն ես էլ այն վիճակում չեմ, որ գնահատական տամ պետության կողմից ճի՞շտ են այդ միջոցառումները, թե՞ ոչ: Այո, եթե քաղաքացիական հասարակությունն ունի ինչ-որ բան ասելու և ընտրել է արտահայտման այդ ձևաչափը, ես նորմալ եմ վերաբերվում»:

Թամարա Աբրահամյանն այս կապակցությամբ ասաց. «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալելու համար տարբեր աշխատաձևեր են ընտրում: Նման ակցիաները քաղաքացիական հասարակության դրսևորման ձևերից են, ոչ կողմ ոչ դեմ արտահայտվել չենք կարող դրան արտահայտվել,  բայց կողմերը պետք է օրենքով սահմանված իրենց պարտականությունները պահպանեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Աղբյուր՝ aravot.am